2012-02-23

Հասարակական լեզուները (1)


Մաշտոցի պուրակի շուրջ ծավալվող դեպքերը, եւ վերջին շրջանի այլ հասարակական հնչեղություն ունեցող իրադարձությունները (Հայկ Գեւորգյանի դեմ քերական գործը, գյումրեցի «գրողների» նամակը Արամ Աբրահամյանին) կարծես նոր սրությամբ բացում են մի կարեւոր, թեեւ առաջին հայացքից այնքան էլ չերեւացող՝ «հասարակական լեզվի» խնդիրը:
Ընդհանուր առմամբ իրավիճակը, թերեւս, հետեւյալ կաղապարի մեջ կարելի է տեղադրել:  Մի կողմից նոր սաղմնավորվող քաղաքացիական լեզուն, որը փորձում է ձեւակերպել իր պահանջները օրինականության եւ «սահմանադրականության» շրջանակներում, թեեւ որոշ դեպքերում կրում է նաեւ ավանդական «սովետահայ «հայրենասիրության», «սոցիալական» խնդիրների ընդդիմության», գուցեեւ «հին երեւանցիների» եւ այլ հնարավոր «լեզուների»՝ դիսկուրսների հետքերը, որոնք ավելի հասկանալի են մեզանում եւ ինքնաբերաբար վերարտադրելի են ճգնաժամային իրավիճակներում, քան դեռեւս որոշ չափով թոթովախոս քաղաքացիական լեզուն: Մյուս կողմից պաշտոնական մարմինների ներկայացուցիչների եւ նրանց պաշտպանների ընդհանրացված պատասխանը, որը, եթե բնութագրելու լինենք ամենաընդհանուր գծերով, թերեւս պետք է համարենք սովետական-ստալինսիտական պաշտոնական դիսկուրսի ձեւափոխում, որին հավելվում է ավանդական համայնքային «մարդկայինը», որոշ դեպքերում համեմված քրեական լեզվի դրսեւորումներով:
Հատկանշական են Տարոն Մարգարյանի «հայը հայից պահանջ չի ունենա» (ըստ որոշ լրատվամիջոցների) եւ Արա Երնջակյանի «ես երեւանցի եմ» խոսքի հատվածները: Թվում է, իրավիճակը միանշանակ է եւ պետական պաշտոնյան ի պատասխան օրենքի խախտման մասին պնդման, պետք է համարժեք պատասխան տա նույն իրավական-օրենական դաշտում: Խնդիրը, սակայն, ըստ իս միայն այն չէ, որ պաշտոնյան գիտակցելով, որ օրենքի շրջանակներում պատասխան չունենանոլվ, պետք է «ցրի» եւ «ջրի» խոսակցությունը, այլեւ, թերեւս, ա՛յն, որ նա իրո՛ք կարծում է, որ օրենքը գործածելու պահանջին ի պատասխան նա կարող է ծավալել «մարդկային» խոսակցություն: Ի՞նչ է նշանակում «հայը հայից պահանջ չի կարող ունենալ»: Թվում է, թե ակնհա՛յտ է, որ եթե պետությունը պատեկրացնենք այնպես, ինչպես այն նկարագրված է մեր Սահամանադրության մեջ, ապա հայը, եթե նա Հայաստանի քաղաքացի է պետք է պահանջ ներկայացնի հենց հայի՛ց, այլ ոչ թե ասենք, թուրքից, ռուսից կամ վրացուց, առավել եւս (բայց ոչ միայն) այն դեպքում այն հայը, որին ներկայացվում է պահանջը պետական պաշտոնյա է, մա՛նավանդ ընտրովի մարմնի ներկայացուցիչ, այսինքն՝ քաղաքացուն՝ տվյալ դեպքում՝ հային հաշվետու: Այդպես է, եթե մտածում ենք տվյալ դեպքւոմ միակ ընդունելի պետական եւ իրավական հարացույցի շրջարկում: Իսկ ինչպե՞ս է մտածում Տարոն Մարգարյանը: Իհարկե, նա տվյալ դեպքում մի պաշտոնյա է, որը փորձում է խուսանավել, բայց հատկանշակն է, իհարկե, թե որպես խուսանավման միջոց ի՛նչ դիսկուրսներ են ընտրվում: Դատելով «չպահանջելու» մասին պնդումից՝ Երեւանի քաղաքապետի համար հայը փասոտրեն ոչ թե պետականություն եւ հասարակություն ունեցող միավոր է, այլ մի համայնք՝ միլեթ, ինչպիսին եղել ենք, օրինակ Օսմանյան կայսրության մեջ: Հասարակությունը եւ պետությունը բնականորեն կառուցվում են դրա անդամների միյմանց նկատմամբ պահանջներ՝ պարտականություններ եւ իրավունքներ ունենալու շուրջ: Հասարակական միասնությունը չի բացառում շահերի սուր բախումներ, ինչպես եւ սուր պահանջներ, որոնց լուծումը գրավոր օրենքի տառի շրջանակներում է: Համայքնի դեպքում, իհարկե, գրված օրենքը պարտադիր չէ, շահերի բախումը՝ քողարկելի եւ լուծելի չգրված պապենական «մարդկային» նորմերի շրջանակներում: Նույնն է, ըստ էության նաեւ Երնջակյանի հղումը «երեւանցի» լինելուն, որը խոսակցությունը նույնպես տեղափոխում է «մարդկային» եւ «չգրված օրենքների» դաշտ, այս անգամ գուցե ոչ այնքան համայնքային, որքան «քաղաքի տղուն» վայել՝ շրջապատի եւ ընկերության դաշտ: Ո՛չ համայնքայինը, ո՛չ էլ ընկերական-շրջապատայինն, իհարկե, ինքնին վատ բաներ չեն, բայց դրանք երբեք չեն կարող փոխարինել օրինականը եւ չեն կարող հիմք դառնալ պետականության ու հասարակության: Որքան անբնական է ընկերական շրջապատում բանեցնել գրավոր օրենքի լեզուն, նույնքան անհամարժեք է հասարակական հարցերը փորձել լուծել համայնքային եւ ընկերական-«մարդկայինով»:
Իշխանական պատասխանի հաջորդ վերլուծելի տարրը սովետական պաշտոնական լեզվի ժառանգութունն է, որին կանդրադառնամ գրվածքիս շարունակությունում: ....









1 comment:

  1. Միլեթի հետ համեմատելը շատ դիպուկ եր

    ReplyDelete