2010-05-16

Լեզվի մանիֆեստը ( կամ "անասուն ազգ"): Մաս Ա

Ներածական

Մարդուց տարբերվող կենդանի էակին հայերենը անվանում է` անասուն, այսինքն` ասելիքից` խոսքից զուրկ: Մարդը, հետեւաբար` «ասունն է»` ասելիք ունեցողը:
Լեզվի հարցը, որն այսօր քննարկվում է Հայաստանում, խորքային իմաստով հենց այդ` ասելիքի հարցն է: Այդ հարցը կարելի է ձեւակերպել երկու ձեւով` ո՞ւնի արդյոք Հայաստանն այսօր ասելիք, կամ` կա՞ արդյոք այսօր հայերենով ասելիք: Երկուսն էլ իրականում նույն հարցն են, ինչպես կտեսնենք հաջորդիվ:
Կախված այս հարցերին տրվելիք պատասխաններից էլ, կարելի է պատասխանել` «պետք է արդյո՞ք հայերենը որպես պետական լեզու», «անհրաժե՞շտ են արդյոք ոչ հայալեզու դպրոցները» եւ նման հարցերին: Եթե Հայաստանն ասելիք չունի, եւ եթե հայերենով ասելիք չկա ու չի սպասվում, ապա հայերենը որպես պետական լեզու եւ հայալեզու կրթությունը իրոք անիմաստ են դառնում:

Ի՞նչ ասել է` ասելիք:
Այն կարող է տարբեր ոլորտներին պատկանել: Մենք կվերցնենք մշակութային, պատմական եւ քաղաքական` արտաքին ու ներքին ասելիքների խնդիրները:

Մաս Ա


Ասվում է. մենք պետք է բաց լինենք աշխարհին, շփման մեջ մտնենք աշխարհի հետ, մեկուսացված չլինենք: Եվ առաջարկվում է լուծում` բացենք օտարալեզու դպրոցներ: Ճիշտ հարցադրում եւ անարդյունավետ լուծում:
Աշխարհի հետ շփման մեջ մտնելու համար նախ` պետք է սեփական ասելիք ունենալ: Այսօր մենք ունենք միայն պատմելու, բայց ոչ ասելու բան: Այսինքն, աշխարհին կարող ենք ներկայանալ միայն մեր մշակութային անցյալով` պատմությամբ (պատմելու բանը), բայց ոչ մշակութային ներկայով` այսօրվա խոսքով (ասելիքը): Հետեւաբար բոլոր շանսերն ունենք թանգարանային ազգի վերածվելու` ազգագրության, բայց ոչ քաղաքականության եւ բուն պատմության ու մշակութաբանության ուսումնասիրման առարկա: Եթե այդպես է, եւ եթե ունենք միայն պատմելիք, բայց ոչ ասելիք, ուրեմն իրոք մեզ պետք չէ սեփական լեզու, այդ թվում բառացի իմաստով սեփական` հայերեն լեզու: Ի նկատի ունեմ ոչ թե կենցաղային հայերենը, որը կպահպանվի դեռ շատ երկար, այլ գրական եւ պետական հայերենը: (Ավելի մասնավոր հարց է հայերենով ստեղծված մշակույթի եւ հայկական մշակույթի նույնացումը, որը հետագայում քննարկման առանձին թեմա կարող է դառնալ):
Իսկ ինչպիսի՞ն է հարցը պատմամշակութային կոնտեքստի տեսակետից: 5-ից մինչեւ 20-րդ դարի սկիզբ հայ մշակույթն անմիջական շփման մեջ է եղել համաշխարհային քաղաքակրթության հետ, եւ այդ շփումն իրականացվել է հայերենի միջոցով: Հենց գրական հայերենի ստեղծումը 5-6 –րդ դդ-ում վերածեց հայերին մշակութակիր եւ աշխարհի հետ շփման մեջ մտնող միավորի: Մինչ այդ հայերենը սոսկ կենցաղային լեզու էր, եւ հայերն, ըստ էության, ձեւակերպված ասելիք աշխարհին չեն ունեցել: Այսինք` մենք դարձանք համաշխարհային մշակութային գործըթնացի լիարժեք մաս այն պահից, երբ «լեզու առանք»: Կամ` համաշախրահային մշակույթի կորղ դարձանք հայերենի շնորհիվ: Տեխնոլոգիան շատ պարզ էր` համաշխարհային գրական արժեքները նախ թարգմանվեցին եւ հետագայում էլ թարգմանվում էին հայերեն` հղկելով հայերենը որպես մտածողության եւ ունիվերսալ ասելիքի ձեւակերպման լեզու, իսկ հետո ստեղծվում էին արդեն նոր արժեքներ հայերենից եւ հայերենով: 17-18 եւ 19-րդ դդ.-ի հայկական մշակութային վերածնունդը նույնպես սկսվեց լեզվի վերագտնումից: Նախ` Մխիթարյանները վերականգնեցին գրաբարը եւ թաքրգմանչական ավանդույթը, ապա գրականի վերածվեցին նաեւ աշխարհաբար բարբառները: Այս ընթացքում հայկական մշակույթը համընթաց էր քայլում եվրոպական մշակութային գործըթնաներին: Բավական է հիշատակել, որ հայկական միջավայրում եվրոպականին համընթաց ներկայացված են եղել դասականությունը (այս մեկը մի փոքր ուշացումով), ռոմանտիզմը, սիմվոլիզմը, մասամբ` ֆուտուրիզմը եւ այլ ոճական ուղղություններ: Վիճակը փոխվեց «կոսմոպոլիտիզմի» դեմ ստալինյան պայքարին եւ ԽՍՀՄ-ում նեոռուսական կայսերապաշտության վերածննդին զուգահեռ: Սկսեց գործել գաղութատիրական մոդել: Հայաստանում գերակայող դարձավ օտարալեզու` ռուսական կրթությունը, հայկականը աշխարհի հետ սկսվեց առնչվել միջնորդավորված, եւ նույնիսկ թարգմանությունների մի զգալի մասը կատարվում էին ոչ թե բնագրից, այլ ռուսերենից: Ահա այստեղ են ներկայիս գավառակոնւթյան (իր երկու` օտարամոլության եւ կեղծ հայրենասիրական արտաքուստ զանազանվող տարնբերակներով) իրական ակունքները: Այս ժամանակ է, որ զրկվելով լեզվից, հայկական մշակույթը բնականաբար զրկվեց նաեւ ասելիքից, եւ բռնեց թանգարանային ազգի վերածվելու ճանապարհը: ԽՍՀՄ փլուզումից հետո գավառականությունը, դարձավ ակնհայտ փաստ, քանի որ աշխարհի հետ շփման հնարավորություն ստեղծվեց: Պարզվեց, որ աշխարհին ասելիք եւ տալու բան չկա: Բայց հետեւանքը պատճառի հետ շփոթելով, ոմանք այսօր ուզում են վերականգնել հայկական գավառականության բուն պատճառը:

(շարունակելի)






No comments:

Post a Comment