2010-05-19

Գավառական է ոչ թե հայալեզու հայ լինելը, այլ ճիշտ հակառակը` օտարալեզու հայ լինելը

Շատ է խոսվում օտար լեզուների իմացության անհրաժեշտության մասին: Այս թեմայի գործնական մասերին ես կփորձեմ հետագայում անդրադառնամ (Անոնիմուսն այստեղ ժպտում է), քանի որ երկու ձեռքով կողմ եմ, որպեսզի հայաստանցիները տիրապետեն որքան հնարավոր է շատ օտար լեզուների:
Բայց այժմ մի ճշտում եմ ուզում կատարեմ, որը գուցե առաջին հայացքից հակասող թվա երեգվա գրածներիս:
Իրականում օտար լեզու հասկացությունը պայմանական է:

Խնդիրն այն է, որ լեզուների միջեւ եղած տարբերությունները չափազանցված են շարքային քաղաքացիներիս ուղեղներում: Չնայած լեզուների ահհռելի բազամազանությանը, իրականում կա մեկ միասնական մարդկային լեզու` «մարդկերեն»: Խոսքը ոչ թե ուտոպիստական նախագծային լեզվի, կամ լեզու բառի պայմանական կիրառության մասին է: Մարդկային լեզուն իրոք միասնական է այսօր եւ այստեղ: Առանձին լեզուները ընդամենը «մարդկերենի» մասնավոր դրսերումներն են:
Ինչպե՞ս:
Լեզուների տարբերության մաիսն պատկերացումը հիմնված է լեզուների արտաքին` մակերեսային շերտի` հնչյունաբանության, բառապաշարի եւ այլնի բազամազանության իրական փաստի վրա: Բայց լեզվի իրական կառուցվածքն այդ արտաքին շերտը չի կազմում, այլ ձեւաբանական հիմնարար մեխանիզմները: Օրինակ, այն, թե ինչպե՛ս են տարբեր բառերը իրար հետ կապվում իմաստալից եւ հոդաբաշխ խոսք ստանալու համար` ի՛նչ տիպի գործիքների եւ հարաբերություններրի միջոցով: Չխորանալով լեզվաբանության մթին անտառի մեջ, մի երկու օրինակ բերեմ: Ասենք այսպիսի մի նախադասություն. «կռդունքը բարվցնում է պրտունքի բրդունքը սրդունքով»: Չնայած այս «նախադասության» բառարանային անիմաստությանը, այնուամենայնիվ չի կարելի ասել, որ մենք չենք հասկանում թե ինչի մասին է խոսքն այստեղ: Համենայն դեպս պարզ է, որ առկա է մի գործողցություն, որը կատարում է ոմն «կռդունք» «սրդունքի» միջոցով «բռդունքի» նկատմամբ, որը պատկանում է «պրտունքին»: Այս հասկանալը հնարավոր է դառնում շնորհիվ նրա, որ մենք օգտագործում ենք հայերենին բնորոշ ձեւաբանական գործիքները` վերջավորութունները, ածանցները, հոդերը եւ այլն: Երբ սովորում ենք օտար մի լեզու նույնպես զորյից չենք սկսում: Այդ լեզվում մենք սովորաբար գտնում ենք արդեն ծանոթ կառուցվաքծներ` եզակի-հոգնակի թիվ, անցյալ-ներկա ժամանակ, եւ այլն, եւ այլն: Արտաքին դրսեւորումները տարբեր են, բայց կառուցվածքը նույնն է:
Եւ ահա լեզվաբանության տիպաբանության տեսակետից աշխարհի լեզուների ողջ բազմազանությունը բաժանվում է ընդամենը երկու-երեք տիպերի (նայած դասակարգման սկզբունք): Ասենք, սինթետիկ եւ անալիտիկ, էրգատիվ եւ նոմինատիվ եւ այլն: Խոսքը ոչ թե լեզուների դասակարգման մասին է ըստ ցեղակցության, այլ ըստ տիպի: Իրար հետ բացարձակ ոչ մի առնչություն չունեցող լեզուները, ասենք` ացտեկերենը եւ ֆիներեը կարող են ունենալ շատ մոտիկ տիպաբանություն: Եւ այս տիպերն էլ կայուն ու հարատեւ չեն` միեւնույն լեզուն իր պատմական զարգացման ընթացքում շատ հաճախ անցնում է մի տիպից մյուսը: Ասենք հին անգլերենը դասական սինթետիկ լեզու էր, իսկ նորը դասական` անալիտիկ:
Տիպերի քանակը անվերջ չէ` այն շատ փոքր է: Ամենատարբեր լեզուները իրենք իրենց մեջից ստեղծում են նույն հարաբերությունների եւ կառւոցվածքների տիպերը: Դա այդպես է, որովհետեւ բոլոր լեզուների հիմքում ընկած է մեկ եւ միասնական մարդկային մտածողությունը: Այս իմաստով լեզվաբանորեն անապացուցելի են այն մարդկանց պնդումները, համաձայն որոնց ամեն լեզուն դա առանձին մտածողություն է: Այս փաստարկն այսօր պատրաստ են օգտագործել թե՛ օտարալեզու կրթության կողմնակիցները, թե՛ հակառակորդները Հայաստանում: Լեզուն ինքնին աշխարհայացք չէ: (Բայց ահա դպրոցն արդեն աշխարհայացք է): Օրինակ, այնպիսի տարբեր լեզուներ ինչպիսիք են անգլերենը, բուլղարերենը, պարսկերենը, հինդուն պատկանում են նույն` անալիտիկ տիպին: Բայց չի կարելի ասել, որ դրանից անգլիացիների, բուլղարների, պասրիկների եւ հնդիկների մտածողությունն նույնն է: Հայերենը, ռուսերենը, լիտվերենը` գերազանցապես սինթետիկ են (հայերենը մի քիչ ավելի պակաս), բայց դա էլ ոչ մի բանի մասին չի ասում: Լեզվի արտաքին շերտին պատկանող որոշ փաստեր կարող են արտահայտել, իհարկե, տցյալ ժողովցդրի պատմականորեն ձեւավորված մտածողությունը, բայց դրանք շատ մակերեսային փաստեր են ու բուն լեզվին չեմ վերաբերվում:
Այսպիոսով, լեզուն մտածողություն է այն իմաստով, որ նա համամարդկային մտածողության ընդհանրությունն է ցույց տալիս, բայց մտածողություն չէ այն իմաստով, որ արտահայտում է տարբեր ազգերի մտածողությունը:
Ուրեմն ի՞նչ: Հարազատ լեզվից կառչելն անիմա՞ստ է: Անցնե՞նք օտարալեզու կրթության եւ առհասարակ օտարալեզվության:
Ճիշտ հակառակը:
Դիտարկենք օրինակով: Բոլորս մարդ ենք եւ ունենք երկու աչք, երկու ականջ, մեկ քիթ եւ այլն: Բայց դա հետաքրքրիր չէ: Մարդիկ հետաքրքրիր են ոչ թե իրենց ընդհանրությամբ, որն ակնհայտ է, այլ թեկուզ չնչին, բայց տարբերություներով: Եվ չնայած այն բանի, որ ընդհանրությունները ակնհայոտերն ավելի շատ են, մենք պատրաստ ենք ուշադրություն դարձնել թեկուզ մեկ տարբերության, եւ անտարբեր ենք 1000 ընդհանրթւոթյան նկատմամբ:
Ակնարկս պարզ է: Ազգերն ու լեզուները նույնպես հետաքրքրիր են իրենց տարբերությամբ, այլ ոչ թե ընդհանրությամբ: Օտարալեզու կրթությամն հայը ոչինչ չունի տալու աշխարհին, որը այլ որեւէ մեկը բացի իրենից չի կարող տալ: Իսկ ահա հայալեզու հայը թեկուզ պոտենցիալ իմաստով կարող է տալ մի բան, որը միայն իրենն է:
Բայց այստեղ էլ մի ծուղակ կա: Հետաքրքրիր է ոչ թե բացարձակ տարբերությունը, այլ այն տարբերությունը, որը գոյություն ունի սկզբնական միասնականության համատեքստում: Եթե պատկերացնենք մի լեզու, որը բացարձակ ոչ մի կապ չունի այլ լեզուների հետ, բացարձակ այլ սկզբուքներով է կառուցված, ապա դա նշանակում է, որ այն նաեւ բացարձակ անթարգմանելի, անհասակնալի եւ անհետաքրքրիր է:
Լավն այն է, երբ կա մեկ երաժշտություն, բայց բազմաթիվ երգեր: Այսինքն` կարեւոր է ե՛ւ միասնությունը, ե՛ւ տարբերությունը:
Սա իհարկե, ինքին հայտնագործություն չէ: Նույնիսկ ինչ որ առումով հանրահայտ փաստ է:
Բայց այստեղից կարելի է հանգել մի հետաքրքրիր տարակարծության: Ճիշտ հասկացված ազգայինն ու ունիվերսալը համընկնում են: Օրինակ հայերիս համար ամենազգայինն են 5-րդ դարի լուսավորիչները` Խորենացի, Եղիշե կամ 19-20-րդ դարի գրականությունն ու արվեստը` Աբովյան, Նալբանդյան, Վարուժան, Չարենց, Սարյան, Արամ Խաչատրյան եւ այլն: Բայց դրանք բոլորը չունեն որեւէ էթնիկ ֆոլկլորային երանգ, այլ հակառակը ունիվերսալ են: Նրանք ստեղծագործել են համամարդկային լեզվով, համամարդկային` ֆորմաների մեջ: Այդ ֆորմաներից ոչ մեկը չի ստեղծվել Հայաստանում: Եվ հետաքրքրիր բան է ստացվում: Հայերն այն ժամանակ համամարդկային քաղաքակրթությանը միացան, երբ սկսեցին հայերեն ստեղծագործել:
Այսինքն` գավառական է ոչ թե հայալեզու հայ լինելը, այլ ճիշտ հակառակը` օտարալեզու հայ լինելը: Հայալեզու հայը համամարդկայինի կրող է, օտարալեզու հայը նախ բոլոր շանսերն ունի վերածվելու գավառական արմյաշկայի, կամ էլ լավագույն դեպքում ուղղակի դուրս մնալ համաշխարհային գործընթացից:






No comments:

Post a Comment