2010-05-20

Ի պաշտպանություն խոսակցական հայերենի

Վերջերս ֆեյսբուքում մի մեկնաբանության հադիպեցի, որն ինձ, կարելի է ասել, հունից հանեց: Լեզվի պաշտպանության դիրքերից հանդես եկող մեկը, դիմելով քննարկման մասկանիցներիս, կոչեց այն լեզուն, որով ծավալվում էր քննարկումը` «գարշելի»: Նա ի նկատի ուներ այն, որ մենք օգտագործում եինք երեւանյան խոսակցականը: Շեշտե՛մ, որ խոսքը ոչ թե սլենգի, այլ հե՛նց խոսակցական երեւանյան լեզվի մասին է, այսինքն, խոսում էինք ոչ թե «դավադիտ» ու «պադվադիտ»-ով, այլ ուղղակի «ստեղ»-«ընդեղ»-ով: Եվ ահա սա գարշանք առաջացրեց:
Գաղտնիք չէ, որ այպիսի վերաբերմունքը խոսակցականի նկատմամբ եզակի երեույթ չէ:
Թվում է թե դա դրական է լեզվի պաշտպանության տեսակետից, բայց իրականում, սա մի արխաիկ ու անգրագետ մոտեցում է, որը միայն նպաստում է գրական հայերենի կոնսերվացմանը եւ մրցողոնուկության թուլացմանը: Խնդիրը շատ բազմակողմանի է, դրա համար մեկ հաղորդագրությամբ այն ամբողջապես չենք կարող լուծել: Բայց փորձեմ մի քանի նախնական բան ասեմ:
Նախ` խոսակցական լեզուն գարշելի կոչել անընդունելի է, քանի որ դա ուղղակի վիրավորանք է այն լեզվի նկատմամաբ, որով մենք ամեն օր շփվում ենք, եւ որը փաստացի մեր հարազատ լեզուն է: Գարշանք տածել խոսակցական հայերենի նկատմամբ, նշանակում է գարշանք տածել հայերնի լիարժեք մի մասի, հետեւաբար նաեւ բուն իսկ հայերենի նկատմամբ:
Երկրորդ` պետք է հասկանալ, թե ի՛նչ է իրենից ներկայացնում խոսակցական երեւանյան լեզուն: Խոսակցականը պետք է տարբերել ե՛ւ սլենգից, ե՛ւ բարբառից: Սլենգը նույնպես խոսակցական լեզվի մասն է, բայց շատ սպեցիֆիկ մաս է, որի մասին պետք է առանձին խոսել: Ինչ վերաբերվում է բարբառին, ապա խոսակցական երեւանյան լեզուն չի կարելի շփոթել արարատյան բարբառի երեւանյան խոսվածքի հետ, որն ըստ էության, անհետացել է: Երեւանյան բնիկ խոսվածքն իր առոգանությամբ, արտասանության առանձնահատկություններով շատ ավելի մոտիկ էր, օրինակ, այսօր էլ գոյություն ունեցող Լոռվա խոսվածքին, քան այն խոսակցականին, որով մենք այսօր խոսում ենք Երեւանում: Մեր խոսացածը ոչ թե բարբառն է, այլ գրական արեւելահայերենի խոսակցական մի տեսակ, որը մի քիչ ավելի է պահպանել բուն արարատյան բարբառից քան գրականը: Օրինակ, արարատյան բարբառով խոսալու դեպքում, պետք է ասեինք` ֆոտ, ֆոքի, ֆող` հոտ-ի, հոգու եւ հող-ի փոխարեն, կամ` հաղալ, հեղդել, հավող` խաղալու, խեղդելու եւ խաղողի փոխարեն: Նաեւ` գրըմ եմ, խոսըմ եմ, փոխանակ` գրում եմ, խոսում եմ եւ այլն: Արդ, մեր խոսակցականը բարբառ չէ, այլ գրականի մի տարբերակ:
Երրորդ` խոսակցականն ինքն ունի տարբեր դրսեւորումներ: Օրինակ, երբ ասում ենք` «էստեղ» դա խոսակցականի յուրահատուկ բարձր ոճն է` առավել մոտիկ գրականին, բայց կա նաեւ «ստեղ», որը կարելի է կոչել խոսակցական նորմա է, կամ` «ստե», որն արդեն ավելի ցածր ոճ է ընկալվում: Իհարկե, այդ ամենն, իր հերթին պայամանականություն է: Ասենք, 5-րդ դարի նորմալ արտասանության տեսակետից, ճիշտ էր ` էրեխա կամ օղորմի ու օչխար, բայց ասյօր գրական է համարվում` «յէրեխան», «վողորմին» ու «վոչխարը», որոնք սկզբնապես ռամկական ու բարբառային տարբերակներ էին: Ամեն դեպքում, որպեսզի չխորանանք մանրամասնությունների մեջ, կարող ենք պայմանավորվել, որ խոսակցական լեզու ասելով ի նկատի ունենք այսօրվա խոսակցականի չեզոք ոճը` խոսակցականի նորման (այսինքն` «ստեղ»-ը, բայց ոչ «էստեղ»-ը կամ «ստե»-ն):
Չորրորդ` խոսակցական հայերենը հայերենի համակարգի լիարժեք մասն է: Ամենատարածված սխալներից է հայերենը նույնացնել միայն գրական արեւելահայերնի հետ: Դա վնասում է նախ եւ առաջ հենց նույն գրականին: Գրական լեզուն չի կարող մեկուսի գոյություն ունենալ: Նախ` այն ի սկզբանե ստեղծվել է բարբառի եւ գրաբարի հիման վրա, այլ ոչ թե ինքն իրեն իջել է երկնքից: Այսօր էլ գրական արեւելահայերենը պետք է սնվի երեք հզոր աղբյունրեից` գրաբարից, բարբառներից եւ խոսակցական հայերենից: Գրաբարը բառապաշարի եւ բառաշինության հզոր շտեմարան է, որի բարիքներն այսօր էլ սպառված չեն: Բայց խոսակցականն էլ ա՛յն դերն ունի, որ գրականին մատակարարում է կենդանի ժողովրդական լեզվաստեղծագործության ձեւեր` կայուն արտահայտություններ, բառերի նոր` հաճախ անսպասելի նշանակություններ եւ այլն: Եթե գրաբարն, այսպես ասած, «վեհացնող» գործառույթ է կատարում, ապա խոսակցականը` կենդանացնող եւ համ ու հոտ տվող: Դրանք կարեւոր են երկուսը միասին` չեզոքացնելով ծայրահեղության սպառնալիքները: Կարելի է օրինակ վերցնել անգլերենից, որն ունենալով հզորագույն բառապաշար, չի խորշում անընդատ փոխառություններ կատարել խոսակցական լեզվից դեպի գրական: Հայկական գիտական կամ նույնիսկ հրապարակախոսական տեքստում, կարող է անընդունելի ընկալվել «տակ տալ», «թքեց», «յանը տարավ» եւ նման արտահայտությունների օգտագործումը, բայց նույն անգլերենն ու ռուսերենը, շատ ավելի ազատ են այդ առումով: Ի դեպ, սա կարեւոր է մանավանդ գեղարվեսատական տեքստերի առումով: Օրինակ, որքա՜ն ավելի լավը կարող էր լիներ Խաչիկ Դաշտենցի «Ռանչպարների կանչը», եթե մշեցի գյուղացիները այդ գրքում խոսեին ոչ թե գրական արեւելահայերենով, այլ իրենց բնիկ լեզվին կամ գոնե գրական արեւմտահայերնին մոտիկ` արեւելահայ ընթերցողի համար ադապտացված մի լեզվով: Այդ հնարը` լեզվական տարբեր շերտերի` երկու գրականների, բարբառների համադրումը մեկ գեղարվեստական ստեղծագործության մեջ հոյակապ կերպով իրականացրել է Մահարին իր «Այրվող Այգեստաններ»-ում, որի շնորիհվ գիրքը հատուկ հմայք ունի:
Հինգերորդ` շատերը գիտեն, որ գրական արեւելահայերնը ստեղծվել է 19-րդ դարի սկզբում արարատյան բարբառի հիման վրա: Բայց քչերն են ընկալում, որ գրաբարը, երբ այն գրի էր առնվում 5-րդ դարում ոչ թե վերնախավային բարձրաոճ լեզու էր, այլ կենդանի ժողովրդական խոսք: Դա այն աստիճան ակնհայտ է, որ նույնիսկ 1500 տարի անց հմուտ լեզվաբանները, ինչպես օրինակ, Ա, Մեյեն հոյակապ տեսնում են կենդանի լեզվի այդ շունչը: 5-րդ դարի դասական գրաբարյան տեքստերին բնորոշ են այնպիսի ոճեր, արտահայտություներ, ձեւեր, նույնիսկ շարահյուսություն, որոնք հատուկ են հենց խոսակացականին, այլ ոչ թե գրական բարձր լեզվին: Հենց մեր չսիրված «տակ տալու», «յուղ վառելու», «փայտիկին թքելու» այն ժամանկվա համարժեքները քիչ չեն դասական գրաբարյան տեքստերում: Ուղղակի դրանք այսօր չեն ընկալվում որպես այդպսիք սովորական ընթերցողի կողմից, քանի որ այդպիսի կառուցվածքների բացահայտման համար պետք է լեզվաբանական վերլուծություն: Գրաբարն իր ժամանակին շատ ավելի կենդանի է եղել, քան մենք կարող ենք պատկերացնել, եւ գրական արեւելահայերնն էլ պետք չէ վերածել մումիայի:
Վեցերոդ` կան մի քանի ոլորտներ, ուր խոսակցական հայերենի կենդանանար օգնությունն ուղղակի անհրաժեշտ է գրականին: Օրինակ, շատերն են բողոքում արտասահմանյան ֆիլմների հայերեն թարգմանություններից: Մասամբ դա իհարկե, ռուսալեզու կեղծ սնոբիզմի դրսեւորում է, բայց մասամաբ նաեւ ճիշտ հիմք ունի: Որովհետեւ, ասենք, կենդանի խոսակցական անգլերենով նկարահանված կինոն, բավականին անհեթեթ է նայվում, բարձրաոճ ընկալվող գրականով թարգմանված: Մինչ խոսակցականի մեջ կարելի է գտնել բազմաթիվ համարժեքներ, որոնք շատ ավելի բնական ու կենդանի կդարձնեն թարգմանությունը: (Ահստեղ հատուկ չիեմ անդրադառնում հայկական սերիալների խնդրին, քանի որ այնտես բացի խոսակացկանից ներկայացված է նաեւ սլենգը, որն առանձին թեմա է): Նույնը վերաբերվում է գեղարվեստական գրականությանը եւ այլն:
Յոթներորդ` պետք է տարբերել «հայերենի կենցաղային լեզվի վերածվելու» մարտահրավերը եւ կենցաղում օգտագործվող խոսակցական հայերենի խնդիրը: Կենցաղային լեզուն ոչ թե լեզվի այս կամ այն կոնրետ ձեւն է` գրական, խոսակցական եւ այլն, այլ գործառույթը: Այսինքն` գրական լեզուն հանգիստ կարող է վերածվել միայն կամ հիմնականում կենցաղային գործառույթ ունեցողի, եթե այդ լեզվով չեն ձեւակերպվում մտքեր, հասկացություններ, արժեքներ: Եվ նրանք, ովքեր պաշտպանում են գրական հայերենը խոսակցաակինի ազդցեցությունից, նաեւ նպաստում են այն բանին, որ գրական հայերենը` մեկուսանալով եւ իր սնուցիչ կապը կորցնելով լեզվի այլ շերտերի հետ կորցնի իր մրցունակությունը, եւ դադարի կենդանի ու արդիական միտք արտադրող լեզու լինելուց` վերածվելով թանգարանային արժեքի (իհարկե խոսքը խոսակցականի չափավոր ազդեցության մասին է, հաշվի առնելով, որ լեզվի այլ շերտերը, այդ թվում նույն գրաբարը նույնպես պետք է ունենան իրենց ներգործությունը):

Այնպես, որ խոսակցական հայերենից գարշելու փոխարեն, այն պետք է սիրել եւ ուշադիր լինել նրա նկատմամբ նույնքա՛ն որքան գրականի: Այլապես «պահպանենք մայրենին» մոգական ոգեկոչումներն այդպես էլ կմնան առանց որեւէ արդյունքի:






9 comments:

  1. Ժողովուրդ ջան, ասեմ, որ ֆեյսբուքս էս երկու օրը մեկ բացվում ա, մեկ չի բացվում, ու բացվելուց էլ միտ չէ, որ օգտագործման պիտանի վիճակում է: Դրա համար այնտեղի ձեր մեկնաբանությոնները այս նյութի վերաբերյալ կարող ա չկարդամ կամ կարդամ ուշացումով: Վատ չէր լինի, որ ստեղ էլ քոփի անեք, որ ինձ ավելի հեշտ լինի:)

    ReplyDelete
  2. Շատ լավ էր, Հրանտ ջան, էդ հայոցլեզվիդասատույական մտածելակերպից՝ ըստ որի գրական հայերենից բացի հայերենի որևէ այլ տարատեսակով խոսելը անկրթություն է, պետք է ձերբազատվել։ Չէ որ մեր դասական գրողներից շատ շատերը ազատորեն ու բավականին ճաշակով օգտվել են իրենց բարբառներից, ինչպես օրինակ՝ Թումանյանը։

    ReplyDelete
  3. Բրավոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոո

    ReplyDelete
  4. Շատ ճիշտա, բայց մի մոռացեք նաև Լոռվա, Գյումրու, Տավուշի և այլ վայրերի բառբառներիմ ասին.
    Կեցցեք !!!

    ReplyDelete
  5. Արդեն որերորդ օրն է մեծ հաճույքով կարդում եմ Ձեր հոդվածները: Մասնավորապես, այս վերջինի կապակցությամբ` կիսում եմ Ձեր կարծիքն ու պաշտպանում նման մոտեցումը! Իսկապես, լեզուն կենդանի մարմին է ու պետք է, որ այն ոչ թե քարացած` թանգարանային, վիճակում պահել, այլ մծշշտապես թարմացնել: Ի միջիայլոց, այսօր բավականին հետաքրքիր հոդված կարդացի "Առավոտում"` Համլետ Նահապետյանի հեղինակած, դասական եւ աբեղյանական ուղղագրության մասին:

    ReplyDelete
  6. Հարգելի Հրանտ, ամբողջությամբ կիսում եմ Ձեր տեսակետը։ Կարծում եմ այս ամենը ճիշտ է ոչ միայն լեզվի, այլ ընդհանրապես Հայաստանյան կյանքի բոլոր ոլորտների դեպքում։ Մենք ապրում ենք կաղապարի մեջ և շատ դժվար ենք ընդունում նորությունները։
    "Գարշելիների" գոյությունը պայմանավորված է տգիտությամբ՝ մարդիկ ուղղակի տեղյալ չեն, թե ինչպես է զարգանում լեզուն։ Դպրոցում Հայոց լեզվի ուսուցիչները սովորաբար ամենատգետներն ու տհասներն են։
    Իրավիճակի փոփոխության համար անհրաժեշտ է ընդհանուր ազատականացում՝ փակ հասարակությունում, որտեղ գիտելիքն արժեք չունի, չեն կարող լինել բավական թվով բանիմաց ուսուցիչներ, քաղաքացիներ՝ նրանց անհրաժեշտությունը չկա։
    Մի բան է ուրախացնում, որ այս օրինագծի ի հայտ գալու արդյունքում մենք բոլորս սկսել ենք ավելի շատ մտածել, ստեղծագործել, ելքեր փնտրել...

    ReplyDelete
  7. Ժողովուրդ ջան բոլորին շնորհակալ եմ կարծքիների համար:
    Մուշ ջան, ի դեպ, Թումանյանի օրինակը ես էլ էրեգ հիշեցի, բայց արդեն ես հաղորդագրությունը գրելուց հետո: Իրոք, շատերի կողմից սիրված բանաստեղծ, ու որքան սիրով էր մոտենում բարբառային եւ խոսակցական ձեւերին: Իսկ նրա երկրպագուներից շատերն այսօր հե՛նց գարշանք պրողների բանակից են:
    White Owl -ին, բարբառների մասին, իհարկե չի կարելի մոռանալ, ես նաեւ հիշատակել եմ դրա մասին նյութում:
    Անոնիմուս, մի հատ անպայման կնայեմ Առավոըտում էդ հոդվածը:
    Մելիքյան, հարյուր տոկոս ճիշտ եք: Իրականում էս խնդիրը երկրի ընդհանոհր կոնտեքստից ա գալիս, ու մասնավոր լուծում չունի: Բայց այս տիպի խնդիրների քննարկումը հնարավորություն է տալիս ձեւակերպել նաեւ լուծումները, որոնք ապագա ազատագրված Հայաստանում, կարծում եմ, կյանքի կկոչվեն:

    ReplyDelete
  8. Նորից դիմելով Ֆեյսբքուի ժողովդրին, ասեմ, որ այնտեղ ծավալված քննարկումը տեսել եմ ու մեծամասամբ կարդացել, բայց երբ երեկոայն վերջապես ժամանակ գտա պատասխանելու, նորից ֆեյսբքուս սկսեց չբացվել, էնպես, որ եթե կարդում եք` ես ձեր հետ եմ հոգով:)))

    Նաեւ շատ հետաքրքրիր են այն մարդկնաց կարծիքները, որոնք արձագանքնանմ երեք կոճակներից սեղմել են` մեռնես, ու գժվել ես արա կոճակները: Ինչու ավելի ծավալուն չեք արտահայտվում: Հետաքրքրիր կլիներ լսել նաեւ ձեր առարկությունները կամ թեկուզ սուր քննադատությունը: Ասեմ, որ նրբագեղ հարսիկ չեմ, ու քննադատությանը լավ էլ դիմանում եմ:))

    ReplyDelete